60-ական թվականներին մեր գրականության մեջ տեղի ունեցավ որակական մեծ բարեշրջություն՝ պայմանավորված հասարակական կյանքում կատարված տեղաշարժերով։ Բարեշրջության այս երևույթը տեսանելի է գեղարվեստական գրականության բոլոր մարզերում։ Լայն առումով գրականությունը ստանձնեց ի վերուստ իրեն վերապահված դերն ու նշանակությունը, փորձեց մտնել բնական հունի մեջ, ազատվել կաշկանդիչ կաղապարներից։ Նոր դիրքերից արտացոլվեցին ու մեկնաբանվեցին պատերազմական թեմատիկան, գյուղն ու գյուղացիական հոգսերը, քաղաքային կյանքը, պատմական անցքերն ու իրադարձությունները, անհատի ու հասարակության, անհատի ու պետության փոխհարաբերությունները, ժամանակակից մարդու սոցիալ-բարոյական նկարագրի կազմավորման պատմությունը, նորովի բացահայտվեցին նրա անցած ճանապարհի միգապատ կեռմանները։ Հասունանում ու ամրակայվում էր մեծ ու սրբազան կասկածը՝ մինչ այդ դավանած «ճշմարտության» փորձարկման նկատմամբ։ Ահա մտքի ու մտածողության մեջ տեղի ունեցած այս բեկումը իր առաջին և առավել ամբողջական արտահայտությունը գտավ նաև պատերազմական արձակում։
Այս, և ոչ միայն այս, առումով առանձին հետաքրքրություն է ներկայացնում Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործությունը, որի քննությանն է նվիրված Սիրուն Բաղդասարյանի «Մկրտիչ Սարգսյանի վիպագրությունը» մենագրությունը (2003)։ Նշեմ նաև, որ գրականության մեջ տեղի ունեցած վերոհիշյալ բարեշրջությունը առաջ էր գնում բազում դժվարություններ հաղթահարելու ճանապարհով։ Քննադատվել էր Ստալինի անձը, բայց ստալինիզմը բազում ստալինիկների միջոցով շարունակում էր պահել իր անբարոյական գոյությունը։
Մկրտիչ Սարգսյանն այն գրողներից է, որ իր գեղարվեստական արձակը զուգահեռել է տեսական հիմնավորումներով։ Մի առիթով նա գրում է. «Մենք դեռևս չենք մոռացել «անկոնֆլիկտայնության» վայրիվերո թեզը, երբ գեղարվեստական երկից վտարված կոնֆլիկտը, այնուամենայնիվ, պատժում էր գրականությանը՝ այս անգամ իսկական, անկեղծ կոնֆլիկտ դառնալով իրականության և գրականության միջև։ Մենք լավ ենք հիշում նաև գունազարդման այն վնասակար միտումը, երբ գրական հաստաբեստ ստեղծագործություններում, առանձին «լավատես» գրողների կամքով, մեր զինվորները ճառեր արտասանելով և ժպիտը երջանիկ դեմքերին՝ մեռնում էին, բնավ հոգ չտանելով այս գեղեցիկ ու սքանչելի աշխարհից հեռանալու մասին։ Չենք մոռանում այն երկերը, որոնցում, հեղինակների թեթև ձեռքով, մեր զինվորները սակավարյունությունից՝ մի կաթիլ անգամ արյուն չէին ծախսում հաղթանակի սիրույն»։ Նշենք նաև, որ Մկրտիչ Սարգսյանի հերոսները բոլոր պարագաներում ապավինում են դեպի հայրենի եզերքները ձգվող անապական կարոտին, և որ այս գրողի մոտ իրականության գեղարվեստական մարմնավորման անհատական ընկալումը ներդաշնակվում է երևույթը իմաստավորելու մեր ժողովրդի հոգեբանությանն ու կենսափորձին։ Վիգեն Խեչումյանի խոսքերով ասած՝ Մկրտիչ Սարգսյանի «ստեղծագործություններում ներկա է սեփական հայրենիքի մշտական զգացողությունը»։ Պատերազմի թեմային նվիրված վեպերի մեջ ուսումնասիրողը հենվում է գրողի ստեղծած մարդկային բնավորության այն գծերի վրա, որոնք պայմանավորում են Սարգսյան-գրողի ոճական առանձնահատկությունները։ Մ. Սարգսյանի Զինվորի անհատական ողբերգությունը վերաճում և դառնում է մի ողջ սերնդի արյունոտված ճակատագիր։ Իսկապես արյունոտ են գրողի պատերազմական հուշերը («Չմակարդվող արյուն») և դժվար ու անհնարին է պատումի էջերը զերծ պահել արցունքի խոնավությունից։ Պատերազմական իրականության դաժանությունն այնքան խիստ է, որ գրողն անկարող է իրեն դուրս դնելու դեպքերի ընթացքից, իսկ այդ դեպքերն անցկացնելու սեփական սրտի միջով՝ նշանակում է գրել արյունոտված, արցունքոտված գրչով, խոսքը տարրալուծել արյան դառնության և արցունքի աղիության մեջ։ Այսօրինակ ոճը բնական դրսևորումն է գրողի հոգեխառնվածքի, որի ակունքը սեփական ժողովրդի ճակատագրի մեջ է։ Նրա հերոսները հայեր են՝ «Հայաստան աշխարհից, հայաշեն ու հայաշատ վայրերից, Լեռնային ու դաշտային Ղարաբաղներից, հին ու նոր Նախիջևաններից, Ջավախքից, Թիֆլիսից և Բաքվից, Ղրիմից ու Հյուսիսային Կովկասից, ամեն տեղից... Բոլորի հոգում և աչքերի դեմ՝ լեռներ...» («Ճակատագրով դատապարտվածները»)։ Այս կարգի մանրամասների համատեղումով Ս. Բաղդասարյանը որոշակիացնում է գրողի ոճական առանձնահատկություններն ու մարդկային խառնվածքը, ուրվագծում Մկրտիչ Սարգսյանի ստեղծագործական աշխարհի սահմանները։ Նյութի ներկայացման նրա դասդասումը, ասել է թե ուսումնասիրության կառուցվածքը, կատարված է տրամաբանական ամուր հիմքի վրա։ Այն բաղկացած է ներածությունից, հինգ գլուխներից և վերջաբանից։ Ներածության մեջ հեղինակը ներկայացնում է գրողի ստեղծագործական ճանապարհի պատմությունը՝ զուգահեռ անդրադառնալով մեր վերոհիշյալ դիտարկումներին, մարդկային խառնվածքին և ոճական առանձնահատկություններին և նաև վեպերի հրատարակմանն ուղեկցող կարծիքներին։ Ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է իրենից առաջ եղած գրականագիտական նյութը, արժևորել այն։ Առաջին գլուխը նվիրված է գրողի վիպագրության առաջին փորձերին, ստեղծագործական որոնումների արդյունքում հայտնաբերված գեղարվեստական նոր յուրացումներին և պատերազմական արձակի քննությանը, մասնավորապես «Կյանքը կրակի տակ» (1963) և «Ճակատագրով դատապարտվածները» (1967) վեպերին։ Երկրորդը նվիրված է «Խաղաղություն պատերազմից առաջ» (1981) և «Չմակարդվող արյուն» (1985) վեպերի քննաբանությանը։ Ընդհանուր գծերով քննության ենթարկելով վերոհիշյալ վեպերը` հեղինակը հանգում է վերլուծություններից ածանցվող հիմնավոր եզրահանգումների։ Կոնկրետ այս պարագայում նա, միտքը ընդհանրացնելով, սահմանագծում է գրողի ստեղծագործական կենսագրության մի առանձին հատված, որով ավարտվում է «պատերազմական թեմայի գեղարվեստական պատկերը» և այն ընկալում իբրև «...յուրատեսակ վերջաբան, ուր գրողը կարծես ամփոփում է պատերազմական սյուժեների գործողությունն ու փիլիսոփայական ընդհանրացումը»։
Առանձնապես հիանալի տպավորություն է թողնում երրորդ գլուխը՝ «Քաջ Նազար» հեքիաթ-վեպի քննությունը։ Գրականագետը հմտորեն համադրում, զուգահեռում է հայտնի հեքիաթի տարբեր հեղինակների կողմից կատարված մշակումները, ընդգծում գրողների աշխարհայացքային և ժամանակի, միջավայրի, հասարակական կյանքի հոգեբանական առանձնահատկություններով պայմանավորված տարբերությունները՝ հասնում համապատասխան ընդհանրացումների։ Ճշմարտություն որոնող ստախոսների, արդարություն փնտրող անարդարների, լույսի մասին ճամարտակող հոգևոր կույրերի ուղեկցությամբ է գահ բարձրանում Մկրտիչ Սարգսյանի Քաջ Նազարը։ Ս. Բաղդասարյանը ցույց է տալիս, թե ինչպիսի «փափուկ» անցումներով է Մկրտիչ Սարգսյանի հերոսը հեքիաթի անհավանականության դաշտից փոխադրվում իրական պայմանականության դաշտը, ինչպես է օգտագործում դիպվածը, բախտը, ժողովրդի ամբոխացման պահը և իրեն հռչակում... թագավոր։ Վերևում հիշատակված ճշմարտություն որոնող ստախոսները, արդարություն փնտրող անարդարները, լույսի մասին ճամարտակող հոգևոր կույրերն են ուղեկցում Նազարին «փառքի աստիճաններով դեպի վեր»։ Հեղինակը գտնում է, որ «բոլոր պատումներում էլ բախտը ժպտում է Նազարներին» և այդ նողկալի թշվառը, կրկեսներում չհամակարգված ծաղրածուն «փիլիսոփայում է». «Բախտ ունեցող վախկոտը հազար հերոս արժե, բախտ չունեցող հերոսը նահատակ է»։ Սա արդիական պատկեր է, որտեղ իշխանության հասած Նազարը նաև «անսահման ապերախտ է» և պատրաստ է սրածելու իրեն գահ բարձրացնողներին, ատում ու արհամարհում է ժողովրդին։
Միջնադարը միշտ էլ եղել է Մկրտիչ Սարգսյանի ուշադրության կենտրոնում, և պատահական չէ, որ նրա ստեղծագործական աշխարհում հաճախ ենք հանդիպում այդ շրջանի առանձին երևույթների ծեգծեգումներին։ Նրա հերոսներից մեկի զգացողությունները հրավառվում են միջնադարի քնարերգությամբ, բոցավառում նրա երևակայությունը՝ Շամիրամի արյան վրնջոցով ու մարմնի կարոտով, Նարեկացին՝ անհասին հասնելու աստվածային մորմոքով, Քուչակը՝ սիրո աղերսանքով, Սայաթ-Նովան՝ մարմնի ու հոգու անհաշտ պայքարով լիցքավորում են երիտասարդ հերոսի (Պարգևի) զգայությունների աշխարհը («Բարև, բարի արև», 1973)։
«Գրիգոր Նարեկացի» պատմավեպը Մկրտիչ Սարգսյանի ներաշխարհում խմորվում էր վաղուց։ Այն իրողություն դարձավ 1989-ին։ Ս. Բաղդասարյանը ճշմարիտ ելակետից է մոտենում վեպի քննությանը, գտնելով, որ «Նարեկացու կերպարի հետ հեղինակին զբաղեցրել է նաև ժամանակաշրջանի դրաման։ Հենց այս դրաման է եղել պատճառը, որ բազմաթիվ դեպքեր բեկվել են խոշոր անհատի մեջ, իմաստավորվել նրա ստեղծագործության մեջ, դարձել նրա գործունեության առանցքը»,- գրում է նա և ապա շարունակում՝ այդ վեպը պետք է դիտարկել «հայ գրականության լավագույն պատմակենսագրական վեպերի շարքում, որովհետև նրա մեջ հայ անցյալը ոչ միայն վերարտադրված ու գնահատված է, այլև այդ ֆոնի վրա պատկերված է Նարեկացու գեղարվեստական կերպարը»։ Նարեկացու կերպարը բարձրանում է սիրո կրքի, անհասին հասնելու բուռն, անհատնում տենչերի վրա. վիպական պատումի մեջ Նարեկացու կերպարը վերաճում է մեծագույն Սիրահարի, որ իր զգայությունները վստահում է իր գրչին, բարձրանում, Օշականի բառերով ասած՝ «զգայության մշուշոտ ու վտանգավոր գագաթներ»։ Սերն ու սիրո կիրքն են նրան մղում ծովերը՝ մելանի, անտառները՝ եղեգի վերածելու վշտահար տառապանքին։ Մկրտիչ Սարգսյանի Նարեկացին ուղենշում է մարդու կատարելության հասնելու լուսեղեն ճանապարհը։
Գրողի ստեղծագործական նվաճումների մեջ անուրանալի է հայրենի եզերքի և նրա մարդկանց նիստուկացի գեղարվեստական իմաստավորումը, որ այդ նույն եզերքին նվիրված մեծարժեք պատկերների մեջ գրավում է ընդգծված տարածք և ընկալվում իբրև զուտ սարգսյանական, ինքնատիպ, անշփոթելի պատկեր, որտեղ բախվում են հին ու նոր բարոյաբանական ըմբռնումները, ցոլանում հայրենի քաղաքի հերոսական դրվագները, այդ քաջակորով մարդկանց հերոսական պայքարը թուրք բռնակալների դեմ («Խաչված քաղաքը», 1996)։ Այս պատմավեպը վերլուծության է ենթարկվում հինգերորդ գլխում, որն էլ ավարտվում է Մկրտիչ Սարգսյանի վերջին վեպի՝ «Դարավերջի հայ»-ի (1999) քննությամբ։
Գրողի վիպաշխարհը թողնում է մեկ ամբողջական կառույցի տպավորություն։ Գրքում կան բազմաթիվ վերլուծական էջեր, որոնք վկայում են գրականագետի գրական բարձր ճաշակի, վերլուծական հարուստ մտքի, նուրբ ու խորունկ դիտարկումների մասին... Եվ սակայն, ուզում ենք շարունակել մեր մտորումները մի շատ կարևոր խնդրի շուրջ՝ գրականությունը պահածոյացված երևույթ չէ։ Առողջ գրականությունը միշտ էլ մնում է շրջանառության մեջ և իր բարերար նպաստը բերում ապագա սերունդների հոգեկերտվածքի, զգացմունքների, բարոյահոգեբանական մշակույթի կազմավորման գործին։
Պատերազմական թեմայով գրված ստեղծագործությունների հեղինակները իրենց երկերում միշտ էլ կարևորել են թիկունքի խնդիրները՝ քաջ գիտենալով, որ ուժեղ բանակները ուժեղ են լինում թիկունքով։ Պատերազմի առաջին գիծն անցնում է թիկունքի միջով՝ կարծես այսպես է բանաձևում խնդրի կարևորությունը Մկրտիչ Սարգսյանը։ Սրա կողքին նա խորապես կարևորում է ազգային արժանապատվության խնդիրը։ Եղբայրության ուխտին իր հավատարմությունը հաստատելու համար ինչքան արյուն պիտի տար հայ ժողովուրդը։ Հայ ռազմագերիները «Ճակատագրով դատապարտվածները» վեպում հարկադրված են իրենց նվիրվածությունն արյունով հաստատելու դաժան պարտադրանքին։ Պարտիզանական խմբերի հսկողությամբ տեղի են ունենում հավատի ստուգման անհավասար ճակատամարտեր, որոնց ընթացքում տալիս են բազմաթիվ զոհեր։ Լեգեոնը կռվում է արյուն տալով։ Լեգեոնը կռվում է մինչև վերջին մարդը, նոր փորձությունով հաստատում սեփական ժողովրդի «արյան իրավունքը» (Մկր. Սարգսյան)։ «Եղբայրության ուխտեր»՝ մեր ժողովրդի այդ ուխտերի նկատմամբ ունեցած սրբազան հավատը միշտ էլ բաղադրվել է ուխտակիցների նենգ ու դավադիր խաղերով։ Գրականագետը ճշգրտորեն պահպանել է իր իսկ դրած վերնագրի սահմանները։ Նրա այս առավելությունից ածանցվել է մի՝ ոչ թե թերություն, այլ թերասացություն։ Այսպես, Մկրտիչ Սարգսյանն ունի հրաշալի պատմվածքներ, որոնք ներքին թելերով կապված են կռվող զինվորի հետագա ճակատագրի հետ և նույնիսկ ակունք են հանդիսացել վեպերի համար։ Հիշենք «ճակատագրով դատապարտված» զինվորին նվիրված «Խնդրում եմ չմոռանալ» պատմվածքը։ Մի անիմաստ քմահաճույքով, քստմնելի մտածողությամբ նրա կյանքի հերոսապատումը գնահատվեց որպես հայրենիքի... դավաճանություն։ Այս ճանապարհով անցած զինվորները, խտացնելով անհանցանք հանցագործների շարքերը, դատապարտվեցին մի ահեղ տառապանքի, որի առաջ կարող են խոնարհվել արևելքի դահիճներն անգամ։ Մկրտիչ Սարգսյանի «Մեր հները» պատմվածքների շարքում կան, իսկապես, թումանյանական ուժի պատումներ, և, վերջապես «Սալյուտո, Իտալիա» հրաշալի հուշագրության մեջ հեղինակի տաղանդը երևում է նոր կողմերից։ Նա երևույթները քննության է դնում հայ մարդու տեսանկյունից։ Նրա խնդության և ուրախության մեջ մշտապես առկա է մի մեծ մտահոգություն. այդ մտահոգությունը տեսանելի է, մանավանդ «Դարավերջի հայը» վեպում։ Ինչպես ենք վարվում մեր ամոթը մեր երեսից մաքրող Անկախության հետ. հաղթած բանակի գեներալներ, ղեկավար պաշտոններ գրաված, ճշմարտության մասին ճամարտակողներ, ինչպիսի վերաբերմունք եք դրսևորում ժողովրդի նկատմամբ, հաղթած զինվորի նկատմամբ։ Գրքի էջերում այս կարգի հարցադրումներից նկատվում է որոշակի շրջանցում, նկատվում է որոշակի կաշկանդվածություն։ Այս մոտեցումները բացատրելի են, բայց ոչ երբեք արդարացի։ Գրականագետի քաղաքացիական համարձակությունը պիտի զուգահեռվի, զուգակշռվի գրողի քաղաքացիական համարձակության հետ։ Սրանք ցանկություններ են, որոնց առկայությամբ մենագրությունը ավելի կշահեր։
Կիմ ԱՂԱԲԵԿՅԱՆ